Պատմության թելը

Խորխե Լուիս Բորխես

Թելը, որը Արիադնեն իր ձեռքով դրեց Թեսևսի ձեռքը (մյուս ձեռքին թուրն էր), որ նա ներթափանցեր լաբիրինթոս և կենտրոնում գտներ ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեն է ասում՝ մարդու գլխով ցլին, սպաներ նրան և վերադառնար նրա՝ իր սիրելիի մոտ՝ քանդելով քարե ցանցերը․․․

Ամեն բան այլ կերպ է եղել։ Թեսևսը չէր կարող իմանալ, որ լաբիրինթոսի մյուս կողմում մեկ այլ լաբիրինթոս էր՝ ժամանակի լաբիրինթոսը, որտեղ նրան ինչ-որ նախօրոք կանխորոշված վայրում սպասում էր Մեդեան։

Թելը կորսված է․ լաբիրինթոսը նույնպես կորսվել է։ Հիմա մենք նույնիսկ չգիտենք՝ շրջապատված ենք լաբիրինթոսո՞վ, գաղտնի տիեզերքո՞վ, թե՞ պատահական քաոսով։ Մեր սքանչելի պարտքն է պատկերացնել, թե գոյություն ունի լաբիրինթոս ու թել։ Մենք գուցե երբեք չգտնենք թելը․ կամ գուցե գտնենք այն պատահականորեն և նորից կորցնենք՝ հավատաքննության ընթացքում, ռիթմում, երազում, բառերում, որոնք փիլիսոփայություն են կոչվում, կամ պարզ ու անսեթևեթ երջանկության պահերին։

Կնոսոս, 1984